ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Walk հավելվածը՝ ՔՊ վարչական ռեսուրսի գործի՞ք

Walk հավելվածը՝ ՔՊ վարչական ռեսուրսի գործի՞ք
03.06.2026 | 10:24

Google Play-ում և App Store-ում գործում է Walk հավելվածը, որը, թերևս, առանձնակի ուշադրության չէր արժանանա, եթե չլինեին տեղեկություններ, որ դրան հասանելիություն ունեն բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներն ու նախընտրական շտաբների պատասխանատուները։

Ըստ առկա տեղեկությունների՝ հավելվածում ներառված են Հայաստանի քաղաքացիների գրանցման և փաստացի բնակության հասցեների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ տվյալներ։ Ընդ որում, մուտքը հնարավոր է միայն հատուկ գրանցումից և թույլտվություն ստանալուց հետո։

Խոսքը մի համակարգի մասին է, որը կարող է ծառայել իշխող կուսակցության նախընտրական նպատակներին՝ օգտագործելով այնպիսի ռեսուրսներ, որոնք հասանելի չեն քաղաքական մյուս ուժերին։

Այս պարագայում առաջանում են մի շարք լրջագույն հարցեր։

Նախ՝ ակնհայտորեն վտանգվում է ընտրական սուբյեկտների հավասարության սկզբունքը, քանի որ մեկ քաղաքական ուժ ստանում է բացառիկ տեղեկատվական և կազմակերպչական առավելություն։

Երկրորդ՝ հիմնավոր կասկածներ են ծագում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության և դրանց օգտագործման օրինականության վերաբերյալ։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ով, ինչ հիմքով և ինչ նպատակներով է տնօրինում իր անձնական տվյալները։

Երրորդ՝ ձևավորվում է ընտրողների վարքագծի վրա ազդեցություն գործադրելու ինստիտուցիոնալ գործիք, որը կարող է օգտագործվել կոնկրետ քաղաքական ուժի վերարտադրությանը ծառայեցնելու նպատակով։

Հետևաբար, լիովին օրինաչափ և հանրային նշանակություն ունեցող են հետևյալ հարցերը․ ու՞մ պատվերով է ստեղծվել Walk հավելվածը, ի՞նչ միջոցներով և ի՞նչ ռեսուրսների հաշվին է այն մշակվել,

ինչպե՞ս են հավաքագրվել և մշակվել այնտեղ առկա տվյալները,

և ինչու՞ այդ համակարգը հասանելի է միայն մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներին և վերջապես՝ ո՞ր երկրին է պատկանում ընկերությունը, որը ստեղծել է այս հավելվածը։

Ընտրությունները պետք է լինեն գաղափարների, ծրագրերի և քաղաքական մրցակցության հարթակ, ոչ թե վարչական ու տեղեկատվական ռեսուրսների անհավասար օգտագործման դաշտ։ Հետևաբար, Walk հավելվածի շուրջ առաջացած հարցերը պահանջում են հրապարակային, հստակ և սպառիչ պատասխաններ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ